Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տարաձայնությունների լուծման գործընթացը վտանգավոր փակուղի է մտել

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տարաձայնությունների լուծման գործընթացը վտանգավոր փակուղի է մտել
09.11.2018 | 02:09

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հավաստել է, որ Ռուսաստանի դեմ Միացյալ Նահանգների կիրառած նոր պատժամիջոցների հետևանքով որևէ ճգնաժամ չի առաջանալու, և Մոսկվան կարողանալու է դիմակայել այդ պատժամիջոցներին: Նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նա ասել է. «Ռուսաստանի Դաշնության դեմ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները Մոսկվայի համար առիթ կլինեն, որպեսզի Ռուսաստանը զարգացնի իր տնտեսությունը և ստեղծի տնտեսական նոր մեխանիզմներ: «Հնարավոր է, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը պաշտպանի հատուկ ընկերությունների և պատժամիջոցների ցուցակում ներառված ընկերություններին»:

Թեև Մեծ Բրիտանիայում ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին բարձրաստիճան սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման առնչությամբ Մոսկվան մերժել է ցանկացած մեղադրանք և հայտարարել է, որ ճշմարտության բացահայտման հարցում պատրաստ է համագործակցելու Մեծ Բրիտանիայի հետ, երեքշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նաուերթը հայտարարել էր, որ «ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, Կոնգրեսի հետ համադրաբար, մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ»: Պատժամիջոցներ, որոնք, ըստ Միացյալ Նահանգների, կապված են Մեծ Բրիտանիայում ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման հարցում ՌԴ-ի մեղսակցության հետ:


ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են վատանում և լուրջ մտահոգություններ առաջացնում այն առումով, որ աշխարհն արագորեն դառնում է ավելի վտանգավոր։ Միացյալ Նահանգներն անցել է Ռուսաստանի նկատմամբ բացահայտ միջուկային շանտաժի։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 20-ին առանց ապացույցներ ներկայացնելու վերստին Ռուսաստանին մեղադրելով միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի (ՄՓՀՀՊ) խախտման մեջ ու շարունակելով միջազգային հանձնառությունների անտեսման վարքագիծը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դուրս է գալու 1987-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած հիշյալ պայմանագրից:
Միանգամայն իրավացի են այն փորձագետները, ըստ որոնց, պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում միջուկային սպառազինության ոլորտում կսկսվի ամենալուրջ ճգնաժամը՝ 1980-ականներից ի վեր: Ռուսաստանն անմիջապես ու խիստ քննադատությամբ արձագանքեց ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մտադրությանը:


ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին հոկտեմբերի 21-ի գիշերը ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի հավանական հրաժարումը ցավալի բնութագրելով, ասել է. «Այդ քայլից ամենաշատը տուժելու են ԵՄ-ն ու եվրոպական երկրները»: Կարծում ենք, ամեն ինչ շատ պարզ է ասված։
Ըստ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի, Թրամփի հայտարարության նպատակը Ռուսաստանին զիջումների պարտադրելն է: ԱՄՆ-ի հետ միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը ստորագրած ԽՍՀՄ-ի նախագահ և վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը նույնպես քննադատել է հիշյալ պայմանագրից ԱՄՆ-ի հրաժարվելու մտադրությունը՝ այն համարելով սխալ քայլ և անմտություն: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄՓՀՀՊ-ից դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությանն արձագանքելով, ասել է. «Ռուսաստանը կհակադարձի ցանկացած քայլի»:
ՄՓՀՀՊ-ի համաձայն, նշված պայմանագրի կողմերը պարտավորվում էին չարտադրել ու չփորձարկել միջին (1000-5500 կմ) և փոքր (500-1000 կմ) հեռահարության ցամաքային տեղակայման բալիստիկ ու թևավոր հրթիռներ, ինչպես նաև պետք է ոչնչացնեին այդ դասի արդեն գոյություն ունեցող բոլոր հրթիռները և դրանց արձակման կայանները։ Պայմանագրի կողմերը՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը, անցած ժամանակաընթացքում, հատկապես վերջին շրջանում քանիցս մեղադրել են իրար՝ ՄՓՀՀՊ-ի պահանջները չկատարելու մեջ:


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես քննադատել է ՄՓՀՀՊ-ից հրաժարվելու մասին ԱՄՆ-ի մտադրությունը և այն անհիմն համարել: Պեսկովը հոկտեմբերի 22-ին հայտարարել է, որ Ռուսաստանը հավատարիմ է նշված պայմանագրին, ապա հավելել, որ այդ պայմանագրից դուրս գալու մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, եթե այն կայացվի, մտահոգիչ է և վտանգում է համաշխարհային խաղաղությունը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է նաև, որ պայմանագրում նախատեսված են դրանից դուրս գալու պայմանները, և որ ԱՄՆ-ը դեռ որևէ քայլ չի կատարել պայմանագրից դուրս գալու ուղղությամբ:


Կարևորելով ՄՓՀՀՊ-ին ԱՄՆ-ի հավատարիմ մնալու անհրաժեշտությունը և շատ լավ հասկանալով Միացյալ Նահանգների կողմից պայմանագրի խախտման դեպքում հատկապես իր գլխին կախված ռուսական պատասխան միջուկային հարվածների վտանգը, Եվրամիությունն իր հրապարակած հաղորդագրությամբ ԱՄՆ-ին կոչ է արել մտածել այն հետևանքների մասին, որ ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների և աշխարհի անվտանգության համար կարող է ունենալ վերոնշյալ պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալը: Հաղորդագրության վերջում ընդգծված է, որ աշխարհն առավել ապակայունացնող և անօգուտ սպառազինության մրցավազքի կարիքը չունի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հոկտեմբերի 23-ի հանդիպման ժամանակ ընդգծել է. «Վաշինգտոնի քայլերը բարեկամական չեն»։
ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում Պենտագոնի նախկին վերլուծաբան Դանիել Էլեսբերգը հայտարարել է, որ Սպիտակ տունը մտադիր է դուրս գալ ՄՓՀՀՊ-ից, որպեսզի կարողանա միջուկային զենքի արտադրության առջև դրված արգելքը հաղթահարելով ավելի շատ զենք վաճառել եվրոպական երկրներին: Ըստ նրա, արդյունաբերական-ռազմական լոբբին ԱՄՆ-ի ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական կուսակցություններում մեծ ազդեցություն ունի, և շատ դեմոկրատներ այդ պատճառով համաձայն են նշված պայմանագրից դուրս գալու մասին Թրամփի որոշմանը: Գուցե և այդպես է, սակայն կարծել, թե իր հիշյալ հայտարարությամբ Թրամփը միայն այդ նպատակն է հետապնդում, առնվազն միամտություն կլինի: ԱՄՆ-ը նման լուրջ հարցերում, որպես կանոն, առաջնորդվում է մեկ գնդակով մի քանի նապաստակ խփելու սկզբունքով:


Կարծում ենք, իրավացի են ռուսական այն քաղաքագետները, վերլուծաբանները, փորձագետները, քաղաքական գործիչները, որոնք Թրամփի հայտարարությունը գնահատեցին, նախ և առաջ, որպես շանտաժ Ռուսաստանի նկատմամբ, թեև Ջոն Բոլթոնը դա փորձեց հերքել: Թերևս բոլորն էլ հասկանում են, որ եթե ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, հիշյալ պայմանագրից հրաժարվելու առումով խոսքից գործի անցնի, դա կնշանակի իր հետ նաև Ռուսաստանը ներքաշել միջուկային սպառազինությունների նոր ու շատ ծախսատար մրցավազքի մեջ, ինչը ՌԴ-ի համար գոնե այս պահին, մեղմ ասած, խիստ անցանկալի է: Հետևաբար այդ որոշումը չկայացնելու համար պաշտոնական Վաշինգտոնը Մոսկվայից կարող է պահանջել արտաքին գործարքներ կատարելիս չհրաժարվել դոլարից, ինչը Ռուսաստանը պատրաստվում է առաջիկայում անելու, չնայած այն հանգամանքին, որ դա ԱՄՆ-ի տնտեսության համար կարող է նույնիսկ աղետալի լինել։


ԱՄՆ-ը կարող է պահանջել նաև արտաքին լուրջ հարցերում (Սիրիա, Իրան և այլն) ինչ-ինչ զիջումների գնալ, իսկ Ռուսաստանի հրաժարման դեպքում պայմանագրից դուրս գալով, ձգտել իր մեկ այլ նպատակի իրագործմանը՝ Ռուսաստանը միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի մեջ ներքաշելով, տնտեսապես հյուծել, քայքայել, հասնել ՌԴ-ի փլուզմանը, ինչպես դա կարողացավ անել ԽՍՀՄ-ի պարագայում: Այլ հարց է, թե դա ԱՄՆ-ին որքանով կհաջողվի կամ կհաջողվի՞ ընդհանրապես։
Բացառված չէ, որ Թրամփն իր հիշյալ հայտարարությամբ նպատակ ունի ճնշում գործադրելու նաև Եվրոպայի վրա հետևյալ իմաստով՝ եթե չեք ուզում ԱՄՆ-ը հիշյալ պայմանագրից դուրս գա և Եվրոպան գցի կրակը, ապա հրաժարվեք Իրանին առնչվող Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից (ՀԳՀԾ) կամ դրա պահպանմանը ձեր աջակցությունից:
ԱՄՆ-ի նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ուժեղացնելու է իր միջուկային սպառազինությունը, այլ կերպ ասած, ակտիվացնելու է միջուկային մրցավազքը: Մոսկվան իր հերթին հայտարարել է, որ ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալն աշխարհը դարձնելու է ավելի վտանգավոր: Նկատի ունենանք, որ դիվանագիտության մեջ ընդունված է առկա իրողությունները և սպասվող զարգացումներն իրականից մեղմ ներկայացնել:


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս զգուշացրել է աշխարհում ռազմավարական հավասարակշռության փոփոխմանն ուղղված որոշ երկրների ջանքերի ու քայլերի կապակցությամբ: Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության 100-ամյա հոբելյանի առիթով հղած ուղերձում, զգուշացնելով աշխարհում լարվածությունների սրման, բախումների տարածման և ռազմավարական հավասարակշռության փոփոխման նպատակով հրահրիչ քայլերի իրականացման կապակցությամբ, ՌԴ նախագահը կարևորել է այդ իրավիճակին դիմակայելու հարցում Ռուսաստանի հետախուզական կազմակերպությունների դերը:


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս ամսվա սկզբին նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև սպառազինությունների վերահսկման վերաբերյալ տարաձայնություններն ավելի են խորանում։ ԻՏԱՌ ՏԱՍՍ լրատվական գործակալության տեղեկացմամբ, նոյեմբերի 5-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրիմինգերի հետ Մոսկվայում ունեցած հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունների լուծման գործընթացը փակուղի է մտել, ինչն անընդունելի է:
Ռուսաստանը ծնկի բերելու նպատակով ԱՄՆ-ի քայլերը, կարելի է ասել, գրեթե բոլոր ոլորտներում են: Ռուսաստանը, սակայն, պատրաստ է դիմակայելու դրանց: Ինչպես արդեն հայտնի է, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը վերջերս վերջնական է հայտարարել հիշյալ կառույցին Վրաստանի անդամակցությունը, թեև Վրաստանն այն պետություններից է, որոնք չլուծված տարածքային վեճ ունեն մեկ այլ երկրի հետ (տվյալ պարագայում՝ Ռուսաստանի): Գուցե ՆԱՏՕ-ի համար դա այլևս կարևոր չէ՞, հակառակը՝ գուցե նույնիսկ լա՞վ է…


Հակադարձելով Ստոլտենբերգի հիշյալ հայտարարությանը, ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Մոսկվան անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցությանը դիմակայելու համար»:
Թե Ռուսաստանն ինչպե՞ս է դա անելու, խոսքը մասնավորապես ի՞նչ քայլերի մասին է, Զախարովան չի մանրամասնել: «Սպուտնիկ» լրատվական գործակալության տեղեկացմամբ, Վրաստանի լրագրողների հետ հեռուստակամրջի ընթացքում Մարիա Զախարովան, ՆԱՏՕ-ն սպառնալիք համարելով Ռուսաստանի համար, ասել է. «ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը դիմակայելու ուղղությամբ Ռուսաստանի ձեռնարկելիք «անհրաժեշտ քայլերի» մասին կարող են ավելի լայն բացատրություններ տալ ռազմական փորձագետները»:
ՌԴ արտգործնախարարության մամուլի քարտուղարն ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ն ակումբ չէ, որտեղ մարդասիրական նպատակներով հավաքված լինեն մարդիկ, այն ռազմական կոալիցիա է, որի նպատակը, իրենց խոսքերով, Ռուսաստանի զարգացումը կանխելն է»:


Դե, «զարգացումը» շատ մեղմ է ասված, այդ բառն ընտրված է դիվանագիտական բառապաշարից, իրականում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նպատակը Ռուսաստանի կործանումն է, առնվազն այդ երկիրը ծնկի բերելը, ինչպես ասում են, շան օրը գցելը կամ շատ ավելի վատ վիճակի հասցնելը, քան ելցինյան ժամանակաշրջանում էր: Սակայն, ինչպես ասում են, ցանկությունները մի բան են, իրականությունը՝ մեկ այլ։


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7116

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ